Skip Links

Press release

ԵԱՀԿ կազմակերպած համաժողովի ընթացքում փորձագետները և քաղաքականություն մշակողները քննարկել են Հայաստանի դատական անկախության ամրապնդման հիմնահարցերը

Date:
Source:
OSCE Office in Yerevan (closed), OSCE Office for Democratic Institutions and Human Rights
Fields of work:
Օրենքի գերակայություն

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի 2011թ. - Այսօր ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների (ԺՀՄԻԳ) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված հանդիպման առանցքում էր Հայաստանի դատական անկախության ամրապնդման եղանակների բացահայտումը:

Հանդիպմանը մասնակցած միջազգային և հայ փորձագետները քննարկեցին Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի դատական ​​անկախության վերաբերյալ կիևյան հանձնառությունները հայաստանյան համատեքստում: Հանձնառությունները մշակվել և ընդունվել են 2010թ.հունիսին ԺՀՄԻԳ-ի և Գերմանիայի Մաքս Փլանքի ինստիտուտի հովանու ներքո փորձագիտական ​​խմբի կողմից:

Կիևյան առաջարկությունների առաջնային նպատակն է բացահայտել ԵԱՀԿ մասնակից պետություններում անկախ դատական համակարգի կայացման խոչընդոտները և լավագույն փորձը և աջակցել նրանց` հետամուտ լինելու իրենց հանձնառություններին:  

«Դատական ​​անկախության երաշխավորումը ԵԱՀԿ առանցքային հանձնառություններից է, և բազմիցս կարևորվել է մասնակից պետությունների մի շարք փաստաթղթերում` սկզբնապես 1990թ. Կոպենհագենյան փաստաթղթում, իսկ ավելի ուշ` 1991 թ. Մոսկվայի փաստաթղթում և 1999թ. Եվրոպական անվտանգության խարտիայում», - նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը: «Կիևյան առաջարկությունները ուղեցույց են Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում` հետամուտ օրենքի գերակայության խթանման և դատական ​​համակարգի անկախության ամրապնդման գերնպատակին»:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ընդգծեց մի շարք խնդրահարույց հարթություններ Հայաստանի դատական համակարգում և հավելեց. «Առկա է քաղաքական կամք և ներուժ այս խնդիրները լուծելու համար, ինչպես նաև հստակ գիտակցում, որ խնդիրների մեծ մասը հնարավոր չէ լուծել առանց անկախ դատական համակարգի: Հուսով եմ, որ այսօրվա քննարկումը ազդակ կհանդիսանա` շարունակելու հետագա բարեփոխումները այս ոլորտում»: 

Համաժողովի ընթացքում քննարկված հարցերի շարքում էին դատավորների հաշվետվողականությունը և անկախությունը դատական որոշումներ կայացնելիս, Արդարադատության խորհրդի և Դատարանների նախագահների խորհրդի կազմը, դերը, գործառույթների տարանջատումը, դատավորների թեկնածությունների առաջադրումը, նշանակումը և առաջխաղացումը:

«Կիևյան հանձնառությունները մի շարք հավասարակշռված առաջարկություններ են, որոնք ներառում են դատական անկախության միջազգային չափանիշներ` միաժամանակ հնարավորություն ընձեռելով հաշվի առնել ԵԱՀԿ մասնակից պետությունների տարբեր իրավական համակարգերի առանձնահատկությունները,» - ասաց Մոսկվայի պետական ​​համալսարանի պրոֆեսոր Լեոնիդ Գոլովկոն:

Հանդիպման մասնակիցների թվում էին բարձրաստիճան պետական ​​պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, դատավորներ, փաստաբաններ, խորհրդարանականներ և ներկայացուցիչներ գիտակրթական համակարգից:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան