Skip Links

Press release

Ազգային փոքրամասնությունների համար ԵԱՀԿ աջակցությամբ երիտասարդական ճամբարի բացում Հայաստանում

Date:
Place:
ԾԱՂԿԱՁՈՐ, Կոտայքի մարզ
Source:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Փոքրամասնությունների իրավունքներ

ԾԱՂԿԱՁՈՐ, Կոտայքի մարզ, 20 հոկտեմբերի 2014թ. – Այսօր` 2014թ. հոկտեմբերի 20-ին Ծաղկաձորում` Կոտայքի մարզում տեղի ունեցավ մեկշաբաթյա ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված` ազգային փոքրամասնությունների համար երիտասարդական ճամբարի բացումը:

Երիտասարդական ճամբարն իրականացվում է «Համաշխարհային անկախ երիտասարդական միության» կողմից: Ճամբարին կմասնակցեն 10-19 տարեկան տարբեր էթնիկ ծագմամբ երեսունհինգ երիտասարդներ:

«Ճամբարը Հայաստանում բնակվող տարբեր ազգային փոքրամասնությունների համայնքների երիտասարդներին հնարավորություն կընձեռի սովորել մարդու իրավունքների մասին, ընդլայնել իրենց մասնակցությունը կամավորական ծրագրերում և զարգացնել գործակցության հմտություններն` ի շահ Հայաստանում բնակվող իրենց համայնքների », - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Ռադկա Ռուբիլինան:

Մասնակիցները կուսումնասիրեն տարբեր մշակույթներ` մարդու իրավունքների պրիզմայով: Ճամբարը նաև որպես հարթակ կծառայի ` գաղափարների ու փորձի փոխանակման համար` օգտվելու համացանցից` որպես մարդու իրավունքների կրթության միջոց, ինչպես նաև ուսուցանելու, թե ինչպես իրականացնել արդյունավետ լուսաբանում լրատվամիջոցներով:

«Համաշխարհային անկախ երիտասարդական միության» հասարակական կազմակերպության Ծրագրի ղեկավար Տաթև Մարգարյանը հավելեց. «Ճամբարի կարգախոսներն են հավասարությունը, արժանապատվությունը, մարդու իրավունքները և բազմազանությունը: Այն նպաստում է միջմշակութային երկխոսությանն ու համագործակցությանը Հայաստանում բնակվող տարբեր էթնիկական, կրոնական, լեզվական, մշակութային և ազգային պատկանելության երիտասարդների շրջանում  »:

Ճամբարը հիմնվում է ոչ ֆորմալ կրթության սկզբունքի և պրակտիկայի հիման վրա, և կներառի սեմինարներ, մասնակից համայնքների մշակույթներին ծանոթացում և թեմատիկ ֆիլմերի երեկոներ: