Skip Links

Press release

ԵԱՀԿ-ն աշխատում է խթանել երեխայակենտրոն արդարադատությունը Հայաստանում

Date:
Place:
ԵՐԵՎԱՆ
Source:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Օրենքի գերակայություն

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի 2014թ.: Օրինազանց անչափահասների հարցերով զբաղվող տարբեր պետական և ոչ պետական ​​կառույցների ավելի լավ համագործակցության երաշխավորումը  այսօր ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված կլոր սեղան – քննարկման հիմնական նպատակն էր:

Սա վերջին քննարկումն էր 2014թ. մայիս – հուլիսին Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպված մի շարք քննարկումների, որ նախաձեռնել էր Երեխաների աջակցության կենտրոնը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Միջոցառումը մաս է կազմում  ավելի մեծ ծրագրի, որի նպատակն է ստեղծել տվյալների համապարփակ ձեռնարկ Հայաստանում անչափահասներին տրամադրվող սոցիալական բոլոր ծառայությունների քարտեզագրման միջոցով և խթանելով աշխատանքային ավելի սերտ հարաբերություններ բոլոր նրանց միջև, ովքեր ներգրավված են այս ոլորտում:

«ԵԱՀԿ-ն խթանում է երեխայակենտրոն արդարադատության չափորոշիչները և հանցավորության կանխարգելումը, և այս համատեքստում երեխաների շահերի պաշտպանությունը շատ կարևոր է», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ազգային իրավախորհրդատու Մարիա Սիլվանյանը: «Կարծում եմ, որ այս ոլորտում հիմնական դերակատարների շրջանում քննարկումները կօգնեն համախմբել և օգտագործել առկա ռեսուրսները, որը կհանդիսանա ևս մեկ քայլ՝ իրավիճակի բարելավման ուղղությամբ»:

Քննարկումներին մասնակցում էին տեղի ոստիկանության, դպրոցների, Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների, Երեխաների պաշտպանության ստորաբաժանումների և  ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ նպատակ ունենալով փոխանակել տեղեկատվություն և գտնել ընդհանուր լուծումներ անչափահասների կարիքներին արձագանքելու ուղղությամբ:

ԵԱՀԿ գործընկերը այս ծրագրի շրջանակներում՝ Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնը, աշխատում է տրամադրել երեխաներին և ընտանիքներին ճգնաժամային միջամտության և կարճաժամկետ վերականգնման աջակցություն՝ կացարանի հասանելիություն, խորհրդատվության, հանրայնացման ծառայությունների, առողջապահության և իրավական աջակցություն:

Երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն ասաց.  «1999 թ.–ից ի վեր մեր կազմակերպությունն ունեցել է հատուկ պայմանավորվածություն ՀՀ ոստիկանության հետ՝ միասին աշխատելու՝ հանուն երեխայի շահերի՝ հատուկ ուշադրություն  դարձնելով մանկական օրինազանցությանը: Երեխաներն իրավունք ունեն ֆիզիկական և հոգեբանական անվտանգության, և մենք բոլորս՝ անհատներ, համայնքներ և  կառավարությունները, պարտավոր ենք պաշտպանել նրանց»:

Այս քննարկումը մաս է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության՝ ուղղված բարձրացնելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և  պետական ​կառույցների դերը երեխաների իրավունքների պաշտպանության գործում: