Թունավոր աղտոտիչների հետ կապված լուծումների քննարկում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված համաժողովում
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը աջակցել է միջազգային համաժողովի կազմակերպմանը` քննարկելու շրջակա միջավայրի հետ կապված սպառնալիքների լուծումները: Համաժողովը տեղի ունեցավ 2011թ. մայիսի 31-ին Ծաղկաձորում` ի հիշատակ օրգանական կայուն աղտոտիչների մասին Ստոկհոլմի կոնվենցիայի տասներորդ տարեդարձի:
Միջազգային և տեղի փորձագետները կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկեցին բնապահպանական այս կարևոր մարտահրավերին դիմակայելու ծրագրերը: Հատուկ ուշադրություն դարձվեց Նուբարաշենի քիմիական թափոնների տեղանքի հետ կապված մարտահրավերներին:
Համաժողովը կազմակերպվել էր Չեխիայի Հանրապետության Arnika միավորման և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ:
Այս ծրագիրը կազմում է այն աշխատանքների մի մասը, որոնք ուղղված են օգնելու Հայաստանին Ստոկհոլմի կոնվենցիան իրականացնելու հարցում, որը շատ վտանգավոր քիմիկատներից մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համաշխարհային պայմանագիր է: Ծրագրի նպատակն է նաև գտնել կայուն լուծումներ` հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների և ոլորտի փորձագետների սերտ համագործակցության միջոցով: