ԵԱՀԿ աջակցությամբ՝ պրոբացիայի ծառայության հիմնադրման վերաբերյալ ուսումնասիրության շնորհանդես Երևանում
ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ իրականացված ուսումնասիրությունը՝ քրեակատարողական համակարգում բարեփոխումների հեռանկարների և Հայաստանում պրոբացիայի ծառայություն ներդրման վերաբերյալ, հանրությանը ներկայացվեց 2015թ. ապրիլի 28-ին Երևանում:
Հետազոտության նպատակն է վերլուծել օրենսդրական բացերը՝ մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների և լավագույն փորձի լույսի ներքո: Այն նաև ներառում է արդյունավետ պրոբացիոն ծառայության ստեղծման ուղղությամբ առաջարկներ:
Հետազոտությունը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Արդարադատության նախարարության, միջազգային, պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկեցին եզրակացությունները, որոնք հիմք կծառայեն՝ Հայաստանում պրոբացիոն ծառայություն ներդրման ռազմավարության համար: Համապատասխան քաղաքականությունը կմշակվի ՀՀ կառավարության կողմից՝ 2012-2016թթ. իրավական և դատական բարեփոխումների ռազմավարության հետ համահունչ:
«Մենք հուսով ենք, որ հետազոտությունն ու այսօրվա քննարկումները կնպաստեն կառավարության բարեփոխումներին ուղղված ջանքերին՝ ստեղծելու պրոբացիոն ծառայություն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությամբ», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը գործընկերների հետ արդեն իսկ մշակել է Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգի նախագիծը, որը հանրային լայն քննարկումներ անցնելուց հետո լրամշակվել և ներկայացվել է ՀՀ կառավարություն: «Հանրային կարծիքը կարևոր գործոն է որոշումներ կայացնելիս և մենք ինքներս ենք խթանելու հանրային կարծիքի արտահայտումը՝ ունենալու հանրության կողմից առավել ընդունելի, լեգիտիմ որոշումներ», - ընդգծել է նախարարը: Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել բոլոր շահագրգիռ կողմերին, մասնավորապես ԵԱՀԿ-ին՝ պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ ՀՀ կառավարությանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը հավելեց. «Պրոբացիայի հաստատությունը քրեական արդարադատության կարևոր բաղադրիչներից է, և մենք հույս ունենք, որ զեկույցում ներկայացված առաջարկությունները, Հայաստանի օրենսդրական դաշտի, ինչպես նաև միջազգային փորձի վերլուծությունը լավ հիմք կհանդիսանան՝ համատեղ ջանքերով պրոբացիոն ծառայության ստեղծման համար»:
Զեկույցը տեղադրված է հետևյալ կայքէջում՝ //www.osce.org/yerevan/153706: