ԵԱՀԿ-ն քաջալերում է Հայաստանում ոստիկանության, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության միջև ավելի սերտ համագործակցությունը
Ծաղկաձոր, 23 մայիս, 2014թ:. Այսօր Ծաղկաձորում մեկնարկած երկօրյա կլոր-սեղան քննարկման թեմաներից են ՀՀ ոստիկանական բարեփոխումների ներկայիս զարգացումները և ոստիկանության և հասարակության միջև համագործակցության գնահատումը:
Միջոցառմանը, որը կազմակերպվել է ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ, մասնակցում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության շուրջ 40 ներկայացուցիչ: Վերջիններս վերլուծելու են ոստիկանության և ԶԼՄ-ների միջև հարաբերությունների առաջընթացը և առաջարկելու են բարեփոխումներ՝ համագործակցությունն ամրապնդելու համար:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինն ասաց. «Ներկայիս ժողովրդավարական հասարակությունում ոստիկանության աշխատանքի գնահատման հիմնական չափանիշը ոստիկանության հանդեպ հանրային վստահության մակարդակն է: Մեկուսացված, առանց հանրային աջակցության գործող ոստիկանությունը չի կարող արդյունավետ կերպով կանխել հանցագործությունները, ապահովել մարդկանց անվտանգությունը և պահպանել հասարակական կարգը: Այսօրվա քննարկումը կարծում եմ կնպաստի ոստիկանության և հանրության միջև ավելի արդյունավետ փոխըմբռմանը:»
Կլոր սեղանի մասնակիցները կանդրադառնան նաև ոստիկանությունում վերջին զարգացումներին: Հատուկ ուշադրություն կդարձվի համայնքային ոստիկանության, հասարակական կարգի պահպանման հարցերին, ինչպես նաև նորարար մոտեցումների ներդրմանը և ներկայիս մարտահրավերները հաղթահարելու ուղիների, ինչպես նաև ժողովրդավարական ոստիկանության միջազգային փորձի կիրառման վրա:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը շարունակում է աջակցել Հայաստանի ոստիկանությանը համայնքային ոստիկանության, կրթական բարեփոխումների, հասարակական կարգի պահպանման և ոստիկանություն-ԶԼՄ-հանրություն համագործակցության ոլորտներում ժողովրդավարական ոստիկանական սկզբունքների և փորձի ամրապնդմանը: