ԵԱՀԿ-ն խթանում է թվային լրագրության միջազգային լավագույն փորձը Հայաստանում
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից՝ «Թվապատում» միջոցառումների շրջանակներում Երևանում սեպտեմբերի 23-ին կազմակերպված խորհրդաժողովի թեմաներն էին լրագրողական բովանդակության, հակամարտությունների լուսաբանման և հետաքննական լրագրության նոր միտումներն ու գործիքները:
Խորհրդաժողովի մոտ ութսուն մասնակից քննարկեցին թվային միջավայրում զարգացումները և դրանց ազդեցությունը մեդիա բովանդակության վրա, ինչպես նաևԶԼՄ-ների, խմբագիրների և հասարակության համար՝ նոր տեխնոլոգիաների, փոխակերպվող խմբագրական հարթակների և սոցիալական ցանցերի զարգացման հետ մեկտեղ ստեղծվող մարտահրավերներն ու հնարավորությունները: ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ինչպես նաև տեղական և միջազգային փորձագետները Լատվիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Միացյալ Թագավորությունից, փոխանակեցին նոր մեդիա տեխնոլոգիաների կիրառման լավագույն փորձն ու ծրագրերը:
«Արագ զարգացող տեխնոլոգիաները ձևափոխել են մեր՝ գաղափարների արտահայտման ձևերը», - ասաց ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի տեղակալ Բարբարա Դեյվիսը: - «Տեխնոլոգիաներից անկախ ՝ ԶԼՄ-ների ազատության հիմնարար սկզբունքները՝ ներառյալ ժողովրդավարական արժեքների հարգումն ու մասնագիտական էթիկայի պահպանումը, մնում են անփոփոխ»:
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը նշեց. «Կարևոր է, որ հայկական մեդիա դաշտը մշտապես զգա համաշխարհային զարգացումների զարկերակը։ Նույնիսկ թվային դարաշրջանում իրական հանդիպումներ անցկացնելը, աշխարհի տարբեր անկյունների մասնագիտական փորձը տեսնելն ու վերլուծելը չափազանց կարևոր է»։
Համաժողովին հաջորդեց «Թվապատում 2016. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը , որը տեղի ունեցավ Երևանում սեպտեմբերի 24-ին: Մրցույթի նպատակն էր բարձրացնել հանրային իրազեկվածությունը ապակենտրոնացման, թափանցիկության, հաշվետվողականության և սոցիալական ոլորտում քաղաքականության բարեփոխումների վերաբերյալ՝ խրախուսելով որակյալ լրագրությունը: Գրասենյակը շնորհեց հատուկ մրցանակ «Սիվիլնեթ» լրատվական կայքի լրագրող Արման Սուլեյմանյանին՝ հաշմանդամության ունեցող անձանց սոցիալական ներգրավման թեմայով հոդվածի համար: Չորս հիմնական անվանակարգերում հաղթողների թվում էին՝ «ԱՐ» հեռուստաընկերությունը, «Հետք» առցանց հետաքննական լրատվամիջոցը և «Սիվիլնեթը»:
«Թվապատում» միջոցառումների շարքը կազմակերպվել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ՝ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում և Հայաստանում Բիլայն հեռահաղորդակցության ընկերության համաֆինանսավորմամբ: