ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանի իրավակարգավորման բարեփոխումների ճանապարհային քարտեզի վերաբերյալ եզրափակիչ աշխատաժողովի անցկացմանը
2016թ. մայիսի 27-ին և 28-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից Ծաղկաձորում համատեղ կազմակերպված աշխատաժողովի ուշադրության կենտրոնում Հայաստանի իրավակարգավորման բարեփոխումների ճանապարհային քարտեզի ամփոփումն էր:
Աշխատաժողովը իշխանության գործադիր, օրենսդիր ճյուղերի, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին հնարավորություն տվեց փոխանակելու տեսակետներ՝ երկրում օրինաստեղծ ողջ գործընթացի բարելավման ուղիների վերաբերյալ: Քննարկվող թեմաներն էին՝ քաղաքականության մշակում և օրենսդրական պլանավորում, հանրային քննարկումներ և կարգավորման ազդեցության գնահատում, ինչպես նաև օրենսդրության կիրառման մշտադիտարկում և գնահատում:
Աշխատաժողովի նպատակն էր քննարկել 2015թ. Հայաստանում անցկացված նախկին թեմատիկ օրինաստեղծ աշխատաժողովների ժամանակ և 2014թ. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից «Հայաստանում օրենսդրական ընթացակարգի համակողմանի գնահատում» զեկույցում ներկայացված բարեփոխման առաջարկները: 2016թ. սկզբին այս առաջարկները՝ կոնկրետ գործողությունների վերաբերյալ կետերի տեսքով, ամփոփվեցին Հայաստանի իրավակարգավորման բարեփոխումների ճանապարհային քարտեզի նախագծում և այս նախագիծն էլ հիմք հանդիսացավ աշխատաժողովի քննարկումների համար:
«Իրավակարգավորման բարեփոխումների ճանապարհային քարտեզի նախագծում ներկայացված առաջարկները կենտրոնանում են արդյունավետ լուծումների հայտնաբերման վրա և մշակվել են հայաստանյան հիմնական շահագրգիռ դերակատարների կողմից մի շարք քննարկումների ընթացքում»,- ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի պետ Էլիս Թոմասը: «Ուստի Ճանապարհային քարտեզի նախագիծն իրենից ներկայացնում է տեղում մշակված գործողությունների ծրագիր՝ հասցեագրելու Հայաստանի օրինաստեղծ համակարգում 2015թ. մեր աշխատաժողովների ընթացքում բացահայտված թուլությունները»:
«Մենք արդեն սկսել ենք նախաձեռնել բարեփոխումներ՝ Ճանապարհային քարտեզի նախագծում սահմանված կարգով»,- ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը: «Այս աշխատաժողովը կօգնի մեզ ամփոփել այս փաստաթութը, ինչը շատ օգտակար կլինի բարեփոխման լրացուցիչ գործընթացներ ծրագրավորելու և իրականացնելու գործում՝ մեր օրենսդրական գործընթացն ավելի քիչ ծանրաբեռնված, ավելի ծրագրավորված, թափանցիկ և մասնակցային դարձնելու համար»:
Եզրափակիչ աշխաշատաժողովը սկիզբ դրեց Հայաստանի իրավակարգավորման բարեփոխումների ճանապարհային քարտեզի նախագծման գործընթացի վերջին փուլին, ինչպես նախատեսված էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2014 թ. ստորագրված Փոխըմբռնման հուշագրով: Պատրաստ լինելուն պես՝ Ճանապարհային քարտեզը հիմք կծառայի երկրում օրենսդրական գործընթացի հետագա բարեփոխումների համար: