Քրեական գործերով պաշտպանության կողմի իրավունքների ամրապնդմանը նվիրված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ աշխատաժողով Երևանում
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերանայման շրջանակներում 2013թ. մարտի 19-ին Երևանում տեղի ունեցավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված աշխատաժողով նվիրված պաշտպանության կողմի իրավունքները ամրապնդող նոր կանոններին:
Աշխատաժողովին մասնակցեցին Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը մշակող կառավարական հանձնաժողովը և աշխատանքային խումբը, որոնք քննարկեցին ապացուցողական չափանիշների նոր կանոնները և պաշտպանության կողմի իրավունքները: ԺՀՄԻԳ-ի փորձագետները մասնակիցներին ներկայացրեցին գործող միջազգային չափանիշները և ԵԱՀԿ տարածաշրջանում առկա ընդհանուր իրավունքի ու քաղաքացիական իրավունքի համակարգերի օրենսդրությունները:
ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը ընդգծեց, որ «Միջազգային չափանիշներին և ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխանեցումն էլ ավելի խորացնելու նպատակով Հայաստանը սկսել է դժվարին և խոստումնալից բարեփոխումների գործընթաց քրեական արդարադատության համակարգում»:
«ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ԺՀՄԻԳ-ը ակտիվորեն աջակցել են դատական բարեփոխումներին և շարունակելու են աջակցել նաև հետագայում», - ավելացրեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը:
Ներկայումս ՀՀ կառավարությունը լրամշակում է քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի շրջանակներում: Աշխատաժողովի արդյունքում մասնակիցները մի շարք առաջարկություններ մշակեցին, որոնք հիմք են ծառայելու ապացուցողական գործողությունների ընդհանուր կանոնների հարցում քրեական դատավարության օրենսգրքի նախագծի հետագա լրամշակման համար:
«Քրեական դատավարությունում պաշտպանության կողմի իրավունքների ամրապնդումը կարևոր դեր ունի դատավարության կողմերի զենքերի հավասարությունը ապահովելու նպատակով», - ասաց ԺՀՄԻԳ-ի օրենքի գերակայության բաժնի ղեկավարի տեղակալ Էվա Կատինկա Շմիդտը: «Սա հանդիսանում է պաշտպանության կողմի արդար դատավարության իրավունքի ապահովման անկյունաքարը:»
Փորձագիտական այս աշխատաժողովը այն միջոցառումների շարքից է, որոնք կազմակերպվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Հայաստանում դատավարությունների դիտարկումների ծրագրի վերջնական զեկույցում (2008թ. ապրիլ - 2009թ. հուլիս) ընդգրկված առաջարկությունների իրականացմանը աջակցելու նպատակով: